Սա փորձ է՝ ռազմավարական երկխոսությունը վերածելու ռազմավարական համագործակցության։ Մենք, փաստորեն, դառնում ենք Միացյալ Նահանգների և Արևմուտքի դաշնակիցը։ Սրա հիմքը դրվել էր Բրյուսելում՝ ապրիլի 5-ին։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյսմ Օ՛Բրայանի այցը Երևան՝ այս մասին ասաց «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները ցանկանում է այնպես անել, որ Հայաստանը զոհ չդառնա հերթական շրջափակման, և նրանք մեծ աշխատանք են անում Թուրքիայի հետ սահմանը բացելու ուղղությամբ։ «Արևմուտքը շատ է կարևորում տրանսպորտային, կոմունիկացիաների հարցը։ Ի վերջո պատերազմները ոչ թե տարածքների, այլ ճանապարհների համար են մղվում։ Արևմուտքը հասկանում է, որ Ռուսաստանի ձեռքից պետք է խլել այդ մենաշնորհը, որովհետև Ռուսաստանը միշտ ճանապարհները օգտագործում էր որպես ճնշման միջոց։ Եվ ահա ինչու արցախյան երկրորդ պատերազմի գլխավոր նխատակն էր ոչ այնքան կամ ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը»,- նշեց Խզմալյանը։
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները լուրջ զբաղվում է նաև Հայաստանի արտաքին հետախուզությամբ, որովհետև Հայաստանի ամենամեծ առավելություններից մեկը սփյուռքն է՝ դեռ Խորհրդային Միության ընթացքում։ «Հատուկ ծառայությունները օգտագործել են սփյուռքը հետախուզության համար, և դա ոչ մի անգամ, ոչ մի ձևով չի դարձել որևէ օգուտ Հայաստանի համար։ Հիմա ավելին է՝ սփյուռքն օգտագործվում է մեր պետականության դեմ։ Մենք դա տեսնում ենք Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, մենք տեսնում ենք դա Դաշնակցության և եկեղեցու միջոցով։ Այդ երկու ցանցային գործիքները, որ պետք է այդքան օգուտ բերեին մեր պետականությանը, հիմա դարձել են մեր պետականության դեմ գլխավոր գործիքներից՝ արտասահմանում»։
Խզմալյանը պատահական չի համարում Վազգեն Գալստանյանի՝ 96 ժամ ժամանակ սահմանելը՝ այն կապելով Օ՛Բրայենի այցի հետ։ «Մոսկվան փորձում է ցանկացած գնով և իր գործակալների միջոցով խափանել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը կարող է դառնալ ռազմավարական համագործակցություն։ Ռուսական հատուկ ծառայությունների և նրանց հայկական ցանցի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է՝ դա ակնհայտորեն չի ստացվել, և որոշ ժամանակ առաջ արդեն պարզ էր, այլ՝ անիշխանության մթնոլորտ ստեղծելը Հայաստանում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան